38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դժվար է կանխագուշակել, թե ինչպիսին կլինեն կինո-հանդիսատես հարաբերությունները մոտ ապագայում»

«Դժվար է կանխագուշակել, թե ինչպիսին կլինեն կինո-հանդիսատես հարաբերությունները մոտ ապագայում»
31.05.2012 | 13:09

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ: Մենք այս զրույցի շրջանակներում կփորձենք փոքրիշատե բավարարել կինոսեր հայ հասարակության հետաքրքրասիրությունը 9-րդ «Ոսկե ծիրանի» առնչությամբ և իրազեկել այս տարի սպասվելիք ոսկեծիրանյան իրադարձություններին:

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԱԾ ՖԻԼՄԵՐՈՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՃԱՇԱԿԸ»
-Պարո՛ն Ստամբոլցյան, «Մարչելլո Մաստրոյանի. Հիշողության էջերում» փաստագրական ֆիլմում Մաստրոյանին այն կարծիքն է հայտնում, որ կինոն փոքրացել է ու դարձել հեռուստատեսություն: Հայաստանում այն փոքրացել է առավել` դառնալով սերիալային հեռուստատեսություն: Արդյո՞ք «Ոսկե ծիրանն» ի զորու է մեզ դեպի մեծ կինո վերադարձնելու:
-Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, պիտի փաստենք, որ հիմա կինոյում այնպիսի բաներ են կատարվում, որոնց պարագայում ոչ ոք չի կարող ասել` մեծ կինոն առհասարակ կգոյատևի՞, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես դժվար է կանխագուշակել, թե ինչպիսին կլինեն կինո-հանդիսատես հարաբերությունները մոտ ապագայում. այդ հարաբերությունը կլինի հեռուստատեսությա՞մբ, ինտերնետո՞վ, ժամանակակից փոքր պլանշետներո՞վ, թե՞ մեծ էկրանով: Խոստովանենք, որ մոնիտորի առաջ ֆիլմ դիտելը շատ ավելի հարմարավետ է: Չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում: Բայց, այնուամենայնիվ, «Ոսկե ծիրանն» աշխատում է` անկախ էկրանի չափսերից: Մի բան, որ ինձ համար կարևոր նշանակություն ունի: Ես կինոյի դարաշրջանի հանդիսատես եմ: Դրանից հետո եկավ հեռուստատեսության դարաշրջանի հանդիսատեսը: Հիմա էլ գալիս է ինտերնետի դարաշրջանի հանդիսատեսը: Այդ պատճառով էլ, կարծում եմ, էկրանի չափսերն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը: Եվ չափանիշը դառնում է կինոյի որակը, զանազանվում են լավ ու վատ կինոն: Մենք աշխատում ենք մեր ցուցադրած ֆիլմերով դաստիարակել հանդիսատեսի ճաշակը:
-9-րդ «Ոսկե ծիրանը» «Հարգանքի տուրք» խորագրի շրջանակներում անդրադառնալու է Յուրի Երզնկյանի` 90, Ֆրունզե Դովլաթյանի` 85, Անդրեյ Տարկովսկու 80-ամյակներին: Ի՞նչ եք ձեռնարկել այս առիթներով: Մասնավորապես, Անդրեյ Տարկովսկու հոբելյանական միջոցառումներին Հայաստանում կհյուրընկալվե՞ն ռեժիսորի ընտանիքի անդամները կամ նրա հետ ստեղծագործած արվեստագետներ արտասահմանից:
-Այո՛, Տարկովսկու հոբելյանին կլինեն հյուրեր: Հրավիրված են քույրը և նրա ամուսինը` Ալեքսանդր Գորդոնը, որը Տարկովսկու համակուրսեցին է եղել: Ճիշտ է, վերջին շրջանում մի փոքր լարված էին նրանց և Տարկովսկու հարաբերությունները (առհասարակ լարված էին հարաբերությունները հարազատների հետ), բայց դա նշանակություն չունի, որովհետև Տարկովսկին և Գորդոնը ժամանակին բավականին սերտ համագործակցել են: Նույնիսկ առաջին կուրսային ֆիլմը միասին են արել: Հետագայում Տարկովսկին նույնիսկ նկարահանվել է Գորդոնի դիպլոմային ֆիլմում: Քաղաքացիական պատերազմի շրջանի մասին պատմող ֆիլմ էր, որում հերոսներից մեկին (կարծեմ` անունը Լազո էր) վառում են շոգեքարշի հնոցում: Սպիտակգվարդիականի դերը խաղում էր Տարկովսկին: Եվ քանի որ այդ ֆիլմը նկարվել էր «Անդրեյ Ռուբլյովից» հետո, բոլորը թմբկահարում էին այն միտքը, թե Տարկովսկու ատելությունը խորհրդային կարգերի հանդեպ այնքան մեծ է, որ նա Գորդոնի ֆիլմում մեծ հաճույքով ու բավականությամբ է վառում Լազոյին: Կլինեն նաև մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը նվիրել են Տարկովսկու ժառանգությանը: Կարծում եմ` հետաքրքիր կլինի նրանց հետ շփվելը: Տարկովսկուց ընդամենը երկու ֆիլմ կցուցադրվի: Որոշել ենք ցուցադրել «Սոլյարիսը» և «Անդրեյ Ռուբլյովը»: Իհարկե, ինչ-որ անակնկալներ է մեզ խոստացել Տարկովսկու հիմնադրամը. ասում են, որ կան ֆիլմերի հեղինակային լիարժեք տարբերակները, որ կբերեն «Ոսկե ծիրան»: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, որովհետև թե՛ «Սոլյարիսը», թե՛ «Ռուբլյովը» մոնտաժել է անձամբ Տարկովսկին:
-Գուցե ժամանակի անխուսափելի պարտադրանքների՞ն է տրվել Տարկովսկին` ֆիլմերը մոնտաժելիս:
-Գիտեմ բոլոր պարտադրանքների մասին: Բայց վերջին հաշվով, նա իր ձեռքով մոնտաժել է ֆիլմերը: Իսկ թե իրենից հետո ով և ինչ է արել, ինձ հայտնի չէ: Համենայն դեպս, հետաքրքիր բան կլինի, և մենք դա ցույց կտանք փառատոնի հանդիսատեսին: Բացի այս ամենից, մտածել ենք, որ եթե Հայաստանում ենք անդրադառնում Տարկովսկու հոբելյանին, ապա պիտի ներկայացնենք նաև նրա կապը Հայաստանի հետ: Մանավանդ, որ իր առաջին ֆիլմը նա նկարել է այստեղ` Հայաստանում: Ֆիլմը կարճամետրաժ էր, կոչվում էր «ԽՈՑՏՍ Ռ րՍՐՌտՍՈ»: Ես նույնիսկ հիշում եմ, թե որտեղ էր նկարահանվում, ներկա եմ եղել անձամբ. Լենինի հրապարակում էր` հենց Լենինի արձանի առջև: Կցուցադրվի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձանը», որի գեղարվեստական ղեկավարը Տարկովսկին էր: Ծրագրում ընդգրկված է նաև Արա Ահարոնյանի «Երազը», որ նկարահանվել է Տարկովսկու սցենարով: Թեև վերջում Տարկովսկին իր ազգանունը հանեց տիտրերից և փոխարինեց ինչ-որ հայկական ազգանունով, որովհետև հարաբերությունները լարվել էին ռեժիսորի հետ, որը, ի դեպ, եղել է ստաժոր «Ստալկերում»: Ամեն դեպքում, ֆիլմը կա, մենք այն կցուցադրենք: Կցուցադրենք Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Անդրեյ» ֆիլմը: Տարկովսկու` այստեղ եղած ժամանակ Լևոն Աթոյանցը նկարել էր նրան Գեղարդում: Այդ կտորներն օգտագործելով` հետաքրքիր ֆիլմ են նկարել Արսենը և Նարինեն: Երզնկյանի հոբելյանի առթիվ նախատեսել ենք անել ծրագիր` «Երզնկյանը և իր արվեստանոցը» խորագրով: Երզնկյանը երկար տարիներ մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում ամբիոնի վարիչ էր, նաև կուրս էր ղեկավարում: Այդ պատճառով որոշել ենք ցուցադրել նրա ուսանողների գործերը` իր ֆիլմի հետ:
-Նրա ո՞ր ֆիլմն եք ցուցադրելու:
-Ես ուզում էի, որ ցուցադրվի «Հայկական որմնանկարներ» ֆիլմը: Այն գրեթե չի ցուցադրվել: Նկարահանվել է Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով և մեծ էկրան չի բարձրացել: Մոսկվան այնպիսի՜ դժկամությամբ ընդունեց ֆիլմը: Իսկ ֆիլմում շատ հետաքրքիր բաներ կան, հայ նկարիչներն են ներկայացված: Լավ կլիներ ցուցադրել «Հայկական որմնանկարները», մի ֆիլմ, որ հայ հանդիսատեսը, մեծ հաշվով, չի տեսել: Տեսնենք, թե ինչ կստացվի: Եթե ֆիլմը գտնենք, անպայման կցուցադրենք, եթե ոչ, կցուցադրենք նրա մեկ ուրիշ ֆիլմ: Դովլաթյանի ֆիլմերից հիմա վերականգնում են «Երևանյան օրերի խրոնիկան»: Եթե գործն ավարտեն, կցուցադրենք այն: Իսկ եթե ոչ, ապա կլինի «Երկունքը»: ՈՒ ես ավելի շատ հակված եմ, որ ցուցադրվի այդ ֆիլմը, որովհետև «Երկունքը» համարում եմ լավագույն ֆիլմերից մեկը: Եվ, բացի այդ, պետք է ցուցադրել այնպիսի ֆիլմ, որ ունենա անգլերեն ենթագրեր:

«ՄԻՇՏ ԷԼ ՀԱՋՈՂԵՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ ՏԵՍՆԵՆ, ԶԳԱՆ, ՀԱՍԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
-Այս տարի «Ոսկե ծիրանի» նախագահը կլինի իսպանացի ռեժիսոր, 2010 թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն: Նա երբևէ եղե՞լ է Հայաստանում, գիտի՞, թե ուր է գալիս:
-Երբեք չի եղել:
-Փաստորեն, Դուք նրան ոչ միայն պիտի ընդգրկեք «Ոսկե ծիրանի» աշխատանքներում, այլև պիտի նրա համար ճանաչելի, ցանկալի է նաև` սիրելի դարձնեք Հայաստանը: Ինչպե՞ս եք հասցնելու այդքան բան անել մի քանի օրում:
-Միշտ էլ մենք հաջողեցնում ենք այնպես անել, որ և՛ աշխատանքը ստացվի, և՛ ֆիլմերը դիտեն մեր հյուրերը, և՛ տեսնեն, զգան, հասկանան Հայաստանը: Իրենք էլ են սովորաբար մեծ ցանկություն ունենում հնարավորինս շատ տեսնելու, շատ բան իմանալու Հայատանի մասին:
-Ամիսներ առաջ կյանքից հեռացավ «Ոսկե ծիրանի» անդավաճան բարեկամ Տոնինո Գուերան: Այս իրողությանն անդրադարձ կլինի՞ փառատոնի շրջանակներում:
-Մենք շատ էինք ուզում հիշել ոչ միայն Գուերային, այլև Անգելոպուլոսին, ինչպես և Անտոնիոնիին: Մտադիր էինք հրավիրել նրանց այրիներին: Եվ քանի որ Անտոնիոնիի հետ էլ ընկերներ են եղել, ապա ցանկանում էինք ցուցադրել Տոնինոյի ֆիլմը Անտոնիոնիի մասին և վերջերս արված մի նոր ֆիլմ` Տոնինոյի մասին: Նաև ցանկանում էինք մի որևէ ֆիլմ գտնել Անգելոպուլոսի մասին: Բայց այս ծրագրի հետ կապված դեռ ինչ-ինչ անորոշություններ կան, որովհետև այրիների ցանկություններն իրար հետ չեն համընկնում: Եթե երեքին միասին հավաքենք այդ օրերին, ապա մեր մտադրությունն ի կատար կածենք, կնվիրենք մի երեկո այդ երեք մեծերի հիշատակին ու կցուցադրենք նշածս ֆիլմերը: Իսկ եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեն, կմտածենք, թե ինչ և ինչպես անել:
-Ընդհանրապես փառատոնը զերծ չի լինում անակնկալներից: Օրինակ, անցյալ տարի սպասվում էին Բերտրան Տավերնիեի, Վիմ Վենդերսի այցելությունները, բայց ինչ-ինչ պատճառնեով նրանք չժամանեցին Հայաստան: Այս տարվա հյուրերի ցանկում ովքե՞ր են ընդգրկված, և որքա՞ն է հստակ այդ ցանկը:
-Անակնկալներ անպայման և միշտ լինելու են: Որովհետև մենք բանակցություններն սկսում ենք մեկ-երկու տարի առաջ: Բայց երբ մոտենում են բուն փառատոնի օրերը, տարբեր մարդկանց մոտ տարբեր պատճառներ են հայտնվում: Բարեբախտաբար, դա լինում է ոչ բոլորի դեպքում: Այլապես մենք ընդհանրապես հյուր չէինք ունենա: Այնպես որ, այս տարին էլ բացառություն չի լինի: Անակնկալներ կլինեն, անշուշտ: Բայց մենք դրանից չենք վախենում: Եվ կարծում եմ, որ կլինեն նաև լավ անակնկալներ: Համենայն դեպս, հիմա բանակցություններ ենք վարում շատ հետաքրքիր մարդկանց հետ:
-Անցյալ տարի խոսվում էր Ժուլիետ Բինոշի հավանական հյուրընկալության մասին: Հնարավո՞ր է նրա ժամանումն այս տարի:
-Նա անընդհատ զբաղված է: Անցյալ տարի նա ներկայացմամբ գնաց «Ավինյոն» թատերական փառատոն և շատ վատ ընդունելության արժանացավ, ցավոք: Այս տարի մենք նրան չենք էլ հրավիրել:

«ՄԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԵՐ ԳՈՐԾԸ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ, ՄՅՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԹՈՂ ԻՐԵՆՑՆ ԱՆԵՆ»
-Հիշում եմ, որ, «Ոսկե ծիրան» փառատոնին զուգահեռ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգում կազմակերպվեց միջազգային կինոփառատոն: Սա ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ է «Ոսկե ծիրանի» աշխատանքների վրա:
-Մարեց Սանկտ Պետերբուրգի փառատոնը:
-Դա պիտի մեզ ուրախացնի՞:
-Չեմ կարծում, թե պիտի ուրախացնի: Փառատոներ կան ամբողջ աշխարհում: Շատերն էլ հավակնում են անել փառատոն: Մենք պարզապես մեր գործը պիտի անենք, մյուսներն էլ թող իրենցն անեն:
-Մոտենում է հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրանը»: Հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհին` ի՞նչ հիշողություններ եք ունենում. դրանք ավելի շատ հաճելի՞, թե՞ դառը, լարվածություն առաջացնող հիշողություններ են:
-Ամեն ինչ էլ եղել է: Բնական է, որ նման գործի պայմաններում լարվածությունն անխուսափելի է: Երբ քիչ միջոցներով մեծ գործ ես ձեռնարկում, պարզ է, որ պիտի լարվես: Միջոցների պակասը լրացվում է էնտուզիազմի հաշվին: Բայց գերակշռողը, իհարկե, հաճելի հիշողություններն են:
-Անցյալ տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում մեկնարկեց «Կորիզ» մրցույթը, այս տարի կլինի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով, որը կապվում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստի և հայ գրատպության 500-ամյա հոբելյանի հետ: Այսինքն` փառատոնը մշտական փնտրտուքի մե՞ջ է, ժամանակն ու հանգամանքները չե՞ն շրջանցում հայկական գլխավոր կինոիրադարձությունը:
-«Կորիզը» շարունակական է: Իսկ «Գիրք և կինո»-ն անդրադարձ է այս տարվա` Ձեր նշած իրադարձություններին: Մենք որոշեցինք անպայման անդրադառնալ այս ամենին: Պարտավոր էինք դա անելու: «Գիրք և կինո» ծրագրի շրջանակներում կցուցադրենք հայ դասական գրականության երկերի էկրանավորումներ, ինչպես և համաշխարհային կինոյի այդօրինակ լավագույն ֆիլմերից մի քանիսը: Ինչքան կարողանում ենք, արձագանքում ենք տվյալ ժամանակահատվածի նշանակալի իրադարձություններին: Կան իրադարձություններ, որոնք շրջանցել հնարավոր չէ, առավել ևս, եթե դրանք կապվում են կինոյի հետ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ